Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության զինված լուծման փորձը որևէ աջակցություն չի գտնի միջազգային հանրության կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: «Ադրբեջանը պարզապես կարող է միջազգային հանրության կողմից մեկուսացման մեջ հայտնվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձի դեպքում»,- ընդգծել է նա: Մարկարովը հիշեցրել է, որ հակամարտության ուժային լուծման անթույլատրելիության մասին ասվել է նախքան Կազանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարություններում, ինչպես նաև 2008թ. հարավօսեթական հակամարտության տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հարցազրույցում:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:
Հարկ է նշել, որ Կազանի հանդիպման նախաշեմին` մայիսի 26-ին, Դովիլում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին ընդունեցին հայտարարություն, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Նրանք ընդգծել են նաև ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների օգնությամբ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: