8 սեպտեմբերի 2011 - 10:10 AMT
Մահմուդ Ահմադինեժադը դատապարտել է Սիրիայի նախագահին և կոչ արել բանակցել ընդդիմության հետ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել բողոքները դաժանաբար ճնշելը և ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մեջբերելով Associated Press-ը, Իրանի նախագահը նման առաջարկ է արել սեպտեմբերի 7-ին պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ահմադինեժադը նշել է, որ «ռազմական լուծումը երբեք ճիշտ չի լինում», ուստի կողմերը պետք է խնդիրները լուծեն երկխոսության ճանապարհով:

Ահմադինեժադի կարծիքով, սիրիական կառավարությունը պետք է ճանաչի իր ժողովրդի «ազատության, արդարության և հարգանքի» իրավունքը: Միաժամանակ, նա, հիշեցնելով Լիբիայում ՆԱՏՕ գործողության մասին, կոչ է արել այլ երկրներին զերծ մնալ Սիրիայի «ներքին բանավեճերին» միջամտելուց:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և այլ արևմտյան երկրները քննադատել են Իրանին նրա համար, որ նա իբր օգնություն է ցույց տվել Ասադին ժողովրդական հուզումները ճնշելու հարցում: Ահմադինեժադն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը սիրիական ընդդիմությանը հրահրում են ապստամբության: