Բացելով կառավարության նիստը` վարչապետը շնորհավորել է բոլորին Սլովակիայի հանդեպ տարած հաղթանակի առթիվ

Բացելով կառավարության նիստը` վարչապետը շնորհավորել է բոլորին Սլովակիայի հանդեպ տարած հաղթանակի առթիվ

PanARMENIAN.Net - Բացելով կառավարության նիստը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ: «Կառավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, ֆուտբոլի սիրահարներին, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին»,- ասել է նա:

Նրա խոսքով, այն ջանքերը, որոնք գործադրել է ֆեդերացիան, արդյունքներ են տալիս: «Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարում ֆուտբոլային ենթակառուցվածքի զարգացման մեջ զգալի ներդրումներ են կատարվել և ֆուտբոլը զանգվածային է դառնում»,- ասել է նա և հավելել, որ նախօրեին տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանին նվիրված միջմարզային եզրափակիչը, որում հաղթանակ է տարել Արմավիրի թիմը: «Դա նույնպես վկայում է այն մասին, որ ֆուտբոլը զանգվածային է դառնում»,- ասել է նա:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Ժիլինա» մարզադաշտում 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ջախջախիչ պարտության մատնեց Սլովակիայի հավաքականին: Վարդան Մինասյանի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Յան Մուխայի դարպասը:

Առաջին խաղակեսը չէր խոստանում խոշոր հաշիվ, առավել վտանգավոր էին գործում սլովակ ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ անհանգստացրեցին Ռոման Բերեզովսկուն: Առաջին խաղակեսում եղան մի քանի խախտումներ սլովակների կոշտ, երբեմն էլ կոպիտ խաղի պատճառով: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերն արմատապես փոխվեց. հայ ֆուտբոլիստները սկսեցին ավելի վստահ ու հավաքված գործել, ինչպես նաև ավելի արագ, քան առաջին խաղակեսում: Սլովակիայի դարպասում առաջին գնդակը հայտնվեց 57-րդ րոպեին, և գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: Հետո հեռավոր տարածությունից անհավանական գեղեցիկ հարվածով գոլ խփեց Հենրիխ Մխիթարյանը: 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, վերջնական հաշիվը ձևավորեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը, որն իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում: Վարդան Մինասյանի սաները կարևոր հաղթանակ տարան և շարունակում են պահել ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը:

Հայաստանի հավաքականը վաստակեց 14 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է 17 միավորով, 2-րդ տեղում` Իռլանդիան (15 միավոր): Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 7-ին Երևանում:

9  08.09.11 - Կառավարության հերթական նիստը
8  08.09.11 - Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---