10 սեպտեմբերի 2011 - 12:08 AMT
Երևանում բացվեց «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը

Այսօր` սեպտեմբերի 10-ին, Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվեց «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը, ցուցահանդեսում ներկայացված 44 աշխատանքները ընդգրկում են նկարչի տարբեր ժամանակաշրջանի ստեղծագործություններ` փայտից, ալյումինից, պլաստմասից և մեծամասամբ մետաքսե տպագրության նմուշներ: Նա նաև նշեց, որ բացի հիմնական ցուցադրությունից, կա նաև օժանդակ ցուցադրություն, որտեղ ներկայացված են ևս 17 աշխատանքներ: Լրացուցիչ սրահը նախատեսված է կրթական երկու ծրագրի` «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» (5-11 տարեկան երեխաների համար) և «Տպագրական արվեստի ներածություն» (12-32 տարեկանների համար) համար: Այս սրահում ներկայացված շարքը կոչվում է «Յոհան-Սեբաստիան Բախ» պորտֆոլիո, որտեղ ներկայացված են Վազարելիի այն ստեղծագործությունները, որոնք արվել են Բախի ստեղծագործություններից ոգեշնչման ժամանակ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Սիմոնյանը նշեց, որ երեխաները կրթական ծրագրի ընթացքում ստեղծագործելու են հենց Բախի երաժշտության տակ:

«Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը և կրթական ծրագրերը շարունակվելու են մինչև տարեվերջ: Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում:

1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների: