Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 9-ին բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալված երկու սպաների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Միաժամանակ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջին 3 օրերի ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված ապացույցների հիման վրա ձերբակալված Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով /սպանություն/: Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Նազլուխանյանին մեղադրանք էր առաջադրվել 373 հոդվածովի 3-րդ մասով՝ Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը հանգեցնում է մարդու մահվան՝ անզգուշությամբ: Նախատեսվում է պատիժ երեքից յոթ տարի ազատազրկմամբ: Իսկ 104 հոդվածի առաջին մասը՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Oգոստոսի 26-ին` մոտ 20:30-ին, անգիտակից վիճակում ռազմական հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ. ծնվ.): Հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց Աղասի Աբրահամյանը մահացել է: Այդ գործով ձերբակալվել են երկու սպաներ և ժամկետային զինծառայող: