Երևանցիները շաբաթօրյակի համար ժամանակ չունեն

Երևանցիները շաբաթօրյակի  համար ժամանակ չունեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ը, 10-ը և 17-ը Երանում հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրման ու բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին։

Սակայն երևանցիները կամ տեղյակ չեն շաբաթօրյակի մասին, կամ էլ պարզապես ասում են՝ «շատ եմ ուզում, բայց չեմ կարող, աշխատանքի եմ»։

Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Սոֆյա Շեստերնենկոյի կարծիքով շաբաթօրյակը կրում է ձևական բնույթ. «Պարզապես առիթ է, որ մարդիկ ձևական հավաքվեն, հետո նստեն հաց ուտեն։ Գաղափարը լավն է, բայց սխալ է իրագործվում»։ Նա հավելեց՝ շաբաթօրյակին պետք է նախորդի նախապատրաստական աշխատանքը, որը երիտասարդներին գաղափարապես կպատրաստի քաղաքը մաքրելուն։

Երևանի մեկ այլ բնակիչ՝ Լիանա Քոչարյանը, շաբաթօրյակին չմասնակցելու «հարգելի» պատճառ ունի. «Ես 3 երեխա ունեմ։ Ինձ համար ամեն օրն է շաբաթօրյակ»։

«Շատ կարևոր է բոլորի ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառումներին»,- ասում է քաղաքապետը, սակայն երևանցիների ներգրավվածությունը «ակտիվ» անվանել ոչ մի կերպ չի ստացվի։ Ի վերջո, շաբաթօրյակների կարիքն ընդհանրապես չի լինի, եթե քաղաքացիները չաղտոտեն, իսկ հավաքարարներն էլ՝ մաքրեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---