ԱԱԾ-ից տուժած կինը դիմում է անձամբ նախագահին խնդրի լուծում գտնելու համար

PanARMENIAN.Net - Քաղաքացի Մարինա Պողոսյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում ներկայացնում է իր և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջև ծագած խնդրի լուծում գտնելու համար: Իր նամակում նա գրում է, որ դիմել է նախագահին, քանի որ այլեւս անկարող է միայնակ պայքարել մի ամբողջ համակարգի դեմ, որը կոչված է ապահովելու ՀՀ ազգային անվտանգությունը:

Մարինա Պողոսյանը պատմում է, որ դեռ 2010 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցած ավտովթարից հետո Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է հետապնդել իրեն` բոլոր հնարավոր միջոցներով:

«Սույն օրը ինձ պատկանող ավտոմեքենան բախվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի ավտոմեքենային` հենց ԱԱԾ շենքի դիմաց: Ավտովթարից րոպեներ անց մեզ շրջապատեցին ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ, որոնք պնդում էին, թե իրենց գործընկերը մեղավոր չէ, նրանք միաձայն կրկնում էին, թե բոլորն էլ միշտ այդ կերպ են շրջադարձ կատարում փողոցում, որի պատճառով էլ տեղի էր ունեցել բախումը: Նույն օրը ես հանդիպեցի Նարեկ Թումանյանի հետ` պատճառված վնասի հատուցման հարցերը քննարկելու համար: Նա ինձ սրճարանում դիմավորեց երկու տղամարդկանց հետ, որոնց ներկայացրեց որպես իր պետեր: Նրանցից մեկն ինձ վախեցնում էր, հարցնում էր` դու գիտե՞ս, թե մենք ով ենք: Հետո ասացին, թե 2000 դոլար տուր, հակառակ դեպքում սպառնացին, որ բժշկից տեղեկանք կվերցնեն, թե Նարեկը ուղեղի ցնցում է ստացել ավտովթարի արդյունքում, եւ ես խնդիրներ կունենամ»,- նշում է նա նամակում: Կինը նշում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, թե ընդունելության խնդրանքով, թե մանրամասն տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին, սակայն երբեք չի ստացել պատշաճ արձագանք, ուստի խնդրում է, այս դիմումը չմակագրել ԱԱԾ պետին:

«Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության ՃՈ հետաքննության բաժանմունքում նախապատրաստված թիվ 2-1251 նյութերն ապացուցեցին, որ ավտավթարի միակ մեղավորը ԱԱԾ աշխատակիցն է: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի թիվ 10-1216 եզրակացության համաձայն` վերոնշյալ ավտովթարը կայացել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի կողմից դեպքի նախորդող պահին օրենքին հակասող գործողություններ թույլ տալու պատճառով: Համաձայն դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության` իր գործողություններով Նարեկ Թումանյանն է ստեղծել վթարային իրադրություն` զրկելով ինչպես իրեն, այնպես էլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Ընդ որում` ԱԱԾ աշխատակիցը չի բողոքարկել այս եզրակացությունը` ըստ էության համաձայնելով դրա հետ կամ վստահ լինելով, որ միեւնույնն է` դատարանն ԱԱԾ-ի դեմ վճիռ չի կայացնի»,- պատմում է նամակի հեղինակը:

Հենց այս փաստաթուղթն էլ հիմք ընդունելով` Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ քաղաքացու վճիռ էր կայացրել, որը սակայն բեկանվել է ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից: Պողոսյանը նշում է, որ իրեն խորհուրդ են տվել չդիմել վճռաբեկ դատարան, քանզի ԱԱԾ-ի հետ գործ ունենալիս դա անիմաստ է:

«Ես չպատկերացրի, որ իրավական պետությունում դատարանները կարող են ԱԱԾ-ի կամակատարը լինել եւ դիմեցի Վճռաբեկ դատարան, սակայն մերժվեցի: Այժմ գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության: Արդյո՞ք այս դատարանը համարձակություն կունենա ԱԱԾ-ի դեմ եւս մեկ անգամ վճիռ կայացնելու, թե կհետեւի վերաքննիչ դատարանի օրինակին»,- հարցնում է կինը:

Քաղաքացին այս հարցը վիրավորական է համարում Հայաստան իրավական պետության համար: «Ես եւս վիրավորված եմ որպես ՀՀ քաղաքացի ինչպես իմ շահերի ոտնահարման, այնպես էլ ԱԱԾ ինչ-որ աշխատակցի պատճառով Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման համար»,- նշված է նամակում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---