14 սեպտեմբերի 2011 - 13:52 AMT
ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը 2011թ. 8 ամսում 40 մլն դրամի վարկային երաշխավորություններ է տվել

Տնտեսավորղ սուբյեկտների, հատկապես մարզերում, պահանջները պարզելու համար ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը հետազոտություննե է անցկացրել ՓՄՁ շուրջ 300 ներկայացուցիչների շրջանում: Արդյունքում, փոփոխություններ են կատարվել վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրում: Ինչպես սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը, վարկային երաշխավորության չափը 10 մլն դրամից (ինչը կազմում էր վարկային պարտավորությունների 70 տոկոսը) հասցվել է 15 մլն դրամի, երկարացվել է վարկային երաշխավորությունների ժամկետը՝ 3-ից մինչև 5 տարի: Բացի այդ, ըստ գործադիր տնօրենի, Ազգային կենտրոնի աջակցությամբ վերանայվել են նաև առևտրային բանկերի տրամադրած վարկերի տարեկան տոկոսադրույքները, դրանք առավել ճկուն են դարձել:

Տիգրան Հարությունյանն ասել է նաև, որ իր գործունեության 9 տարում Ազգային կենտրոնը բավարարել է 1 մլրդ 550 մլն դրամ ընդհանուր արժողությամբ վարկային երաշխավորություններ 387 տնտեսվարող սուբյեկտի համար, ընդ որում, ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը 2011թ. 8 ամսում 40 մլն դրամի վարկային երաշխավորություններ է տվել: