Ո՞վ է մեղավոր բանակում կատարվող սպանությունների համար. քննարկում

Ո՞վ է մեղավոր բանակում կատարվող սպանությունների համար. քննարկում

PanARMENIAN.Net - 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որոնց ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Այսօր «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկման ժամանակ ներկայացվեցին գլխավոր խնդիրները, որոնք առկա են հայկական բանակում, և փորձեցին հասկանալ՝ որն է լուծումը։

Քննարկման կազմակերպիչները նշում էին, որ գլխավոր նպատակն է հասնել փորձագիտական խմբի ստեղծմանը, որը կհետազոտի և կփորձի հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ և դեպի ուր պետք է գնալ։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ մարդու իրավունքները բանակում խախտվում են բոլոր 3 փուլերում՝ զորակոչ, բուն զինվորական ծառայություն և հետծառայողական շրջան։ «Մենք պատասխանատու մարմիններից ակնկալում ենք ոչ թե «մենք ցավում ենք», «մենք փորձում ենք» ու նման արտահայտություններ լսել, այլ գործնական քայլեր, որ մեղավորները պատժվեն»,- ասաց բանախոսը։

Փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Մուշեղ Շուշանյանն անդրադարձան առկա իրավախախտումներին զինվորականների սպանությունների առնչությամբ ընթացող քրեական գործերում։ Սեդա Սաֆարյանն առանձնակի շեշտեց նախաքննչական մարմինների թերացումները, ինչպես նաև անաչառության բացակայությունն ու համատարած անպատժելիությունը։

ՀՀ ՊՆ Պաշտոնական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Ապրեսյանը նշեց, որ կատարվում են մի շարք գործնական քայլեր իրավիճակի շտկման համար։ Մասնավորապես, վերապատրաստվում է սպայակազմը, մշակվում է հատուկ գրականություն։ «Կարգապահական կանոնագիրքը այժմ Ազգային ժողովում է և դեռևս քննարկման փուլում է։ ՊՆ-ն փորձում է նաև արձագանքել բոլոր այն հարցերին, որոնք բարձրացվում են մամուլի կամ ՀԿ-ների կողմից։ Ինչպես նաև փորձ է արվում հեշտացնել բողոքարկելու, դատարան դիմելու կարգերը»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

«Բանակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն առկա են նաև խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել։ Քաղաքացիական հասարակարգում առկա խնդիրները տեղափոխվում են բանակ և ներկայանում են ավելի խտացված։ Այն ագրեսիան, որ առկա է առօրյայում, խտանում է բանակում»,- ասաց քննարկման մասնակիցներից Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Իսկ ՀՀ Զինվորական դատախազության ներկայացուցիչների նախատեսված ելույթը չկայացավ։ Նրանք նաև հրաժարվեցին լրագրողների հարցերին առանձին պատասխանելուց։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---