ԼՂՀ ԱԺ խոսնակ. ԼՂՀ-ն զինադադարի համաձայնության բոլոր մասնակիցների, այդ թվում` Ադրբեջանի կողմից ճանաչված սուբյեկտ է

ԼՂՀ ԱԺ խոսնակ. ԼՂՀ-ն զինադադարի համաձայնության բոլոր մասնակիցների, այդ թվում` Ադրբեջանի կողմից ճանաչված սուբյեկտ է

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Իր ելույթում ԼՂՀ ԱԺ խոսնակը մասնավորապես ասել է. «Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով և գտնվի արդարացի, բոլոր կողմերի միջև բանակցված և բոլորի համար ընդունելի լուծում: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագության միջնորդական ջանքերը, կարևորում ենք նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի անմիջական ներգրավվածությունը:

Այսօր աշխարհում խնդիրները կարգավորվում են համբերատար բանակցությունների ճանապարհով: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են լուծվում նախկինում անլուծելի համարվող հարցերը: Այդ իմաստով մեզ համար չափազանց կարեւոր պատասխանատվություն է 1994թ. մայիսին հաստատված զինադադարի պահպանումը` չնայած Ադրբեջանի կողմից հարադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին»:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը զինադադարի համաձայնության բոլոր մասնակիցների, այդ թվում` Ադրբեջանի կողմից ճանաչված սուբյեկտ է: Իսկ դա ոչ միայն պատասխանատվություն է, այլեւ իրավունք` ըստ անհրաժեշտության կայացնելու երկրի և նրա ժողովրդի անվտանգության շահերից բխող համարժեք որոշումներ:

Մենք հասկանում ենք, որ ներկա իրավիճակն այն լավագույնը չէ, որ երազել ենք: Բայց երբ Ադրբեջանից դարձյալ սպառնում են պատերազմի վերսկսմամբ, ապա մեր վերաբերմունքը կտրուկ փոխվում է: Քանի որ ներկա դրությունն իր բոլոր բաղադրիչներով մեր անվտանգության համակարգն է կազմում: Փոխել այն` չունենալով խաղաղության և ինքնուրույնության շոշափելի երաշխիքներ ու իրական հեռանկար, մեզ համար պարզապես անընդունելի է:

Քսան տարին բավարար ժամկետ է ընտրված ճանապարհի ճշմարտացիության մեջ համոզվելու համար: Քսան տարին հասուն տարիք է այն սերնդի համար, ովքեր ծնվել են անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և գնահատում են ազատության արժեքը: Քսան տարին նաև այն ժամանակահատվածն է, որի ընթացքում փորձարկվել է Արցախի հանդեպ նվիրվածությունն ու բարեկամությունը:

Եթե խնդիրների կարգավորման կոնցեպտը հենվում է` «յուրաքանչյուրի ազատության մեջ է բոլորի ազատությունը, և նրա բարօրությունը բոլորինն է» կանխադրույթի վրա, ապա իմ երկրի անցած ճանապարհը, վստահեցնում եմ, արժանի է հարգանքի և համընդհանուր ճանաչման: Սա, թերևս, այն կարևոր ուղերձն է, որ իմ ժողովրդի անունից լիազորված եմ փոխանցել»,-ասել է Աշոտ Ղուլյանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---