16 սեպտեմբերի 2011 - 11:57 AMT
«ԱրմենՏել»-ը ձեռք է բերել նոր արտաքին մայրուղային կապուղիներ

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը հայտարարում է արտաքին կապուղիների ընդլայնման մասին` Level 3 Communications, Inc. առաջին մակարդակի մատակարար պրովայդերի մայրուղային ցանցին միանալու միջոցով:

Արտաքին մայրուղին անցնում է հյուսիսային ուղղությամբ` Վրաստանի տարածքով: 10 Գբ/վ թողունակությամբ նոր կապուղին միանում է Level 3 Communications օպերատորի ցանցին Ֆրանկֆուրտում:

«Նոր միացումը «ԱրմենՏել»-ին թույլ կտա բարձրացնել արտասահմանյան ինտերնետ-ռեսուրսների հասանելիության արագությունն ու հուսալիությունը, ավելացնել ենթակառուցվածքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաև հիմք կծառայի կապի ոլորտում նոր առաջարկների համար», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նշենք, որ 2010թ. «ԱրմենՏել»-ը դարձավ Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատոր, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: Ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի և Իրանի տարածքով:

Level 3 Communications-ը` առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է: Ընկերությունը շահագործում է տվյալների փոխանցման մայրուղային կապուղիների աշխարհում ամենամեծ ցանցերից մեկը, որի երկարությունը գերազանցում է 85 հազար կմ: Ընկերության ցանցն ընդգրկում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մեծ մասը: Օպերատորին է պատկանում նաև Ատլանտիկ օվկիանոսով անցնող տվյալների փոխանցման 100 Գբ/վ թողունակությամբ մայրուղիները: