Քանի՞ գույն ունի հեռուստաաշտարակը և ո՞ւր գնալ սեպտեմբերի 21-ին

Քանի՞ գույն ունի հեռուստաաշտարակը և ո՞ւր գնալ սեպտեմբերի 21-ին

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 320 LED գունավոր լուսարձակ, որոնք կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 կվտ/ժամ է:

Իսկ սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում է անցկացնել 22 միջոցառում, որոնցից առաջինը կլինի ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում ժամը 10.30-12.30-ը։ Նույն ժամին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Վարպետաց քաղաքի» բացումը, որի շրջանակում մինչ ժամը 22-ը տեղի կունենան ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ։

Ժամը 13-20-ը Չարենցի տուն-թանգարանի մոտ տեղի կունենա «Երկիր Նաիրի» համերգը՝ ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ։ «Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարքը կարելի է տեսնել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածում ժամը 13-20-ը։

Մ. Սարյանի արձանի հարևանությամբ ողջ օրը հնարավոր կլինի մասնակցել նկարների, քանդակների և գորգերի ցուցադրությանը, իսկ Կիրովի այգում կկազմակերպվեն սպորտային միջոցառումներ։ Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ կանցկացվեն Կարապի լճում, իսկ «Անկախության հաղթուղի» հեծանվավազքը կմեկնարկի Մոսկվայի տան դիմացից ժամը 15-ին։ Երևանի ծննդյան օրվան ընդառաջ՝ 2793 մետր կվազեն Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան։

Նախատեսվում են նաև մի շարք համերգներ։ Ջազ կարելի է լսել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, հեղինակային երգերի կատարումներ՝ Մոսկովյան պուրակում, դասական երաժշտության բեմ տեղադրված կլինի Կոմիտասի արձանի հարակից պուրակում, իսկ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ կհնչեն ազգագրական կատարումներ։

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը կբեմադրվի Հանրապետության հրապարակում, որտեղ օրը կեզրափակեն տոնական հրավառությունն ու դիսկոտեկը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---