19 սեպտեմբերի 2011 - 21:19 AMT
2013 թվականին Երևանում կարող է կայանա Գերգիևյան փառատոն

Ռուսաստանցի հայտնի մաեստրո, դիրիժոր Վալերի Գերգիևը ուրախ է, որ իր գլխավորած նվագախմբի համերգը Երևանում համընկնում է Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների հետ: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին երևանյան համերգից առաջ: «Ես հույս ունեմ որ Հայաստանում թե 50-ամյակին, թե 60-ամյակին նման չքնաղ համերգներ կլինեն», նշել է երաժիշտը: Նա նշել է, որ 6 տարի շարունակ եղել է Երևանի ֆիլարմոնիկ նվագախմբի դիրիժորը, և այդ տարիները անփոխարինելի փորձ են տվել իրեն:

Գերգիևը նաև վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները դուրս արտահանելու համար: Նա պատմեց, որ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության ժամանակ հանրապետության ղեկավարից առաջարկություն է ստացել 2013 թվականին Հայաստանում Գերգիևյան փառատոն կազմակերպել: Խոսելով Չայկովսկում անվ. երաժշտական փառատոնում հաղթանակած հայազգի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասին՝ մաեստրոն նշել , որ նա իրոք փայլուն երաժիշտ է, չնայած մյուս չորս մասնակիցները ևս արժանի էրին ոսկե մեդալի արժանանալ:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Համերգի ծրագրում. Ռ. Շտրաուս, «Հերոսի Կյանքը» Սիմֆոնիկ պոեմը, Գ. Մալեր, N4 Սիմֆոնիան /մենակատար` Անաստասիա Կալագինա/, Կ. Սեն-Սանս, N1 Կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար /մենակատար` Նարեկ Հախնազարյան/:

Մաեստրո Վալերի Գերգիևն իր ժամանակի ամենահռչակավոր երաժիշտներից է: Դեռ ուսանող տարիներին հաղթող է ճանաչվում Բեռլինի Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների մրցույթում և Մոսկվայի Համախորհրդային դրիժորների մրցույթում, որից հետո նրան հրավիրում են Կիրովյան /Մարիինյան/ թատրոն որպես գլխավոր դիրիժորի օգնական, որտեղ արդեն մեկ տարի անց բեմադրեց Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և Խաղաղություն» օպերան: 1988 թ. նա ընտրվեց օպերային թատերախմբի գեղարվեստական ղեկավար, իսկ 1996 թ.-ին դարձավ մաեստրո Գերգիև` Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Այդ պահից սկսվեց թատրոնի ծաղկման շրջանը, ավելի ծավալուն է դառնում թատրոնի բալետների և օպերաների ծրագիրը, թատերական նվագախումբը լուրջ մրցակից է դառնում աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի համար:

«Գերգիևն արդեն հարգված և հաստատված դարավոր ավանդույթներ ունեցող Մարիինյան թատրոնը դարձրեց գլոբալ մասշտաբի գերժամանակակից թատերախումբ, որը երևան հանեց մի շարք երիտասարդ արտիստների» The Times

Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենահին նվագախմբերից է: Նրա պատմությունը սկսվում է Սանկտ Պետերբուրգի առաջին նվագախմբից և շարունակվում արդեն ավելի քան 200 տարի: Այսօր Եվրոպական, Ասիական և Ամերիկյան խոշորագույն հրատարակությունների առաջատար քննադատների հարցման արդյունքում և բրիտանական հռչակավոր The Financial Times ամսագրի կարծիքով, այն գտնվում է աշխարհի լավագույն նվագախմբերի շարքում: