Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ համար մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման մասին բանակցություններին

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ համար մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման մասին բանակցություններին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին կայացել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Կողմերը քննարկել են Վարշավայում Արևելյան գործընկերության գագաթաժողովի պատրաստությանը վերաբերվող հարցեր: Ինչպես հայտնել է լրագրողներին Երևանում Վիգանդը, ԵՄ 27 երկրների ղեկավարները Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի գլխավորությամբ ընդունելու են Հայաստանի նախագահին և Արևելյան գործընկերության երկրների մնացած ղեկավարներին:

«Ցանկանում եմ ընդգծել շատ կարևոր փաստ. Եվրահանձնաժողովն արդեն հավանություն է տվել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ բանակցային ուղղությունների նախագծի ընդունմանը: Դա ընդգծվելու է նաև հայտարարությունում, որն ընդունվելու է հաջորդ շաբաթ Վարշավայում»,- ասել է նա: Այդ առումով Գունար Վիգանդը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դեռ պետք է պաշտոնական համաձայնություն տա այդ բանակցությունները սկսելու մասին, բայց «մենք վստահ ենք, որ ստանալու ենք այդ համաձայնությունը, ինչը հնարավորություն կտա առաջիկա ամիսներին ձեռնամուխ լինել բանակցություններին, որի արդյունքում մենք ստանալու ենք ռեժիմ, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար զգալիորեն հեշտացնելու է մուտքի արտոնագրի ռեժիմը»:

Մասնավորապես, նրա խոսքով, նոր ռեժիմը նախատեսում է մուտքի արտոնագիր ստանալու գումարի նվազում քաղաքացիների համար, ովքեր մտադիր են կարճ ժամանակով այցելել ԵՄ երկրներ, իսկ հաճախ ճանապարհորդող քաղաքացիների համար ռեժիմը զգալիորեն հեշտացվելու է:

Երևանում ընթանում է Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի տասներկուերորդ նիստը: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---