22 սեպտեմբերի 2011 - 10:05 AMT
Ատոմակայանի 158 աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել պլանային վերանորոգման շրջանում

Պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, ՀԱԷԿ-ի ինժեներա-տեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20-ին ազատման դիմում են ներկայացրել:

Մեծամորի ատոմակայանը սեպտեմբերի 5-ից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տևի 46 օր: Ազատման դիմում ներկայացրածները հիմնականում ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Դիմում գրած աշխատողները պահանջում են վերանայել իրենց աշխատավարձերը: Նրանք դեռևս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և ատոմակայանի ղեկավարությանը դիմում են ներկայացրել և խնդրել բարձրացնել աշխատավարձերը: ՀԱԷԿ աշխատակիցները ՀՀ ղեկավարությանը տեղեկացրել են, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել և զգուշացրել են, որ եթե մինչև սեպտեմբերի 20-ը խնդիրը լուծում չստանա, ապա ստիպված կլինեն դիմում գրել, ինչը և արել են: