Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հեյֆեր «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 22-ին կնքեցին Փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
ՀԳՌԿՄ ծրագիրն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի և Հեյֆեր Հայաստանի կողմից համատեղ: Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնելու ՀՀ 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով:
«Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլը» շահույթ չհետապնդող հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է հաղթահարել սովն ամբողջ աշխարհում և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը տրամադրում է գյուղատնտեսական կենդանիներ, տնկիներ, ուսուցում և այլ միջոցներ` օգնելով կարիքավոր ընտանիքներին` դառնալու ինքնապավեն: «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի» մուտք է գործել Հայաստան 1999թ.` առ այսօր իրականացնելով ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, աշխատել է 150-ից ավել գյուղերում, օգնել 7000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս Հեյֆեր Հայաստանն իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը Հայաստանում, 2-ը` Վրաստանում, հաղորդում է «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի մամլո ծառայությունը: