ՀԿԵ-ն կազմակերպում է զբոսաշրջային տուրեր դեպի Վրաստան

ՀԿԵ-ն  կազմակերպում է զբոսաշրջային տուրեր դեպի Վրաստան

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունը վրացական Elite Tour տուրիստական գործակալության հետ համատեղ կազմակերպում է «Վրաստանի սիրտը» և «Գինու տուր» զբոսաշրջային երկօրյա տուրեր: Շրջագայությունները նախատեսված են ինչպես շաբաթ և կիրակի, այնպես էլ աշխատանքային օրերի համար. ցանկացողները կարող են մեկնել Վրաստան Հարավկովկասյան երկաթուղու «Արմենիա» ֆիրմային գնացքով:

«Վրաստանի սիրտը» տուրի առաջին օրը զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Թբիլիսիի տեսարժան վայրերին: Ծրագրում, մասնավորապես, ներառված են այցելություններ հին քաղաք, Նարիկալա ամրոց, Մեթեխի տաճար, Սամեբա և Անչիսխաթի եկեղեցիներ, Թբիլիսիում գտնվող սինագոգներ, մզկիթներ և եկեղեցիներ, Խաղաղության կամուրջ, Թբիլիսիի պետական թանգարան: Քաղաքի պատմության ամենահետաքրքիր էջերի մասին կպատմի փորձառու զբոսավարը:

Այցելության երկրորդ օրը զբոսաշրջիկները կայցելեն Վրաստանի հին մայրաքաղաքը՝ Մցխեթան, ինչպես նաև Սվեթիցխովելի, Ջվարի և Շիո Մգվիմե վանքերը, Սամթավրո կուսանոց:

«Գինու տուր» ուղևորության ժամանակ զբոսաշրջիկները կայցելեն վրացական գինեգործության հիմնական կենտրոնները՝ Կախեթի և Ցինանդալի: Ցինանդալիում տուրի մասնակիցներին սպասում են այցելություններ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարան, գինու մառան և հնագույն գինիների էնոթեկա: Նապարեուլիում զբոսաշրջիկները կայցելեն Գամտկիցուաշվիլի եղբայրների գինու մառանը: Տուրի երկրորդ օրը զբոսաշրջիկները կայցելեն Մցխեթա և Թբիլիսի:

Տուրի մասնակիցները կարող են անվճար ապրել զբոսաշրջիկների համակ հատուկ նախատեսված վագոնում, որը կկայանվի Թբիլիսի-ուղևորային երկաթուղային կայարանում, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---