Շտուտգարտում անցնում է հայկական մշակույթի շաբաթ

Շտուտգարտում անցնում է հայկական մշակույթի շաբաթ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին ԳԴՀ Շտուտգարտ քաղաքում բացվեց հայկական մշակույթի շաբաթ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյա տարելիցին: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի, Շտուտգարտի տեղական իշխանությունների և հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսավոր մասին հետևեց համերգ` վաստակաշատ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և մենակատար Սեդա Սարգսյանի մասնակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում ներկայացրեց անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձավ Գերմանիայի դերին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն հայտնեց հայ համայնքին շարունակական աջակցության համար և կոչ արեց ավելի ակտիվ մասնակցություն բերել հայկական պետականության ամրապնդման գործին:

ՀՀ դեսպանության, ԳԴՀ-ում ԼՂ ներկայացուցչության և Շտուտգարտի հայ համայնքի ձեռնարկած համատեղ քայլերի շնորհիվ սեպտեմբերի 19-ին Շտուտգարտի քաղաքապետարանի կողմից տրամադրված դահլիճում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ելույթով հանդես եկավ Գերմանիայում ԼՂ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Երեկոն ավարտվեց մշակութային ծրագրով:

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի դեսպանությունը ԳԴՀ Զաքսեն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Հենդելի տուն-թանգարանի դահլիճում կազմակերպեց ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հերթական միջոցառում, որին ներկա էին երկրամասի պետքարտուղար Յան Հոֆմանը, Հալլե-Վիտտենբերգի Մարտին-Լյութերի անվան համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերը, մշակույթի, գիտության և արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև, ցուցադրվեց վավերագրական տեսաֆիլմ` նկարահանված գերմանական գիտնականների կողմից:

Տոնական միջոցառմանը հանդես եկավ Հայաստանից ժամանած «Կամերտոն» երիտասարդական կամերային նվագախումբը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---