23 սեպտեմբերի 2011 - 11:46 AMT
Տաշիրում և Ստեփանավանում իրականացվում է «Արդյունավետ ուսուցման այլընտրանքային մոտեցում» ծրագիրը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հարք» մշակութային կրթավերականգնողական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում իրականացնում են «Արդյունավետ ուսուցման այլընտրանքային մոտեցում» ծրագիրը։ Երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի նպատակն է Լոռու մարզում ստեղծել ռեսուրս կենտրոն, որտեղ տարբեր շահառուների (նախադպրոցականից մինչև բարձր տարիքի) կտրվեն գիտելիքներ, թե ինչպես կարելի է խթանել անձի ներդաշնակ զարգացումը, ինչպես հասնել մարդկային մտքի հնարավորությունների ընդլայնման, ինչպես կանխարգելել ուսուցման ընթացքում ի հայտ եկած արգելափակումները, որոնք առաջացնում են հոգեմարմնական խնդիրներ անձի համար։ Նշված հմտությունները մարզում տարածելու նպատակով ծրագրի շրջանակներում Ստեփանավանում և Տաշիրում կպատրաստվեն 35-40 թրեյներներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ Լոռու մարզում իրականացվող այս ծրագիրը՝ որպես լրացուցիչ կրթություն, կնպաստի հիմնական կրթության բարելավմանը, նրա արդյունավետ կիրառմանը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան Ստեփանավանի և Տաշիրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, կրթության ոլորտի ղեկավարների հետ։