Հայ ազգային կոնգրեսը կարող էր իշխանափոխության գնալ ամեն գնով, սակայն ՀԱԿ-ը հաշվի է առնում երկրի ազգային շահերը և ղարաբաղյան հարցի առկայությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Միաժամանակ նա հավելել է, որ հերթական ընտրությունները վտանգավոր են երկրի համար, քանի որ «տանում են լճացման»:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը պատրաստվում է աշխատել ժողովրդի հետ, որպեսզի հրապարակ հանի նրան: Նա նշել է, որ իշխանություններն էլ են աշխատելու ժողովրդի հետ նրան ավելի հնազանդ դարձնելու համար: Մակեյանի խոսքով, ՀԱԿ նպատակն այն է, որպեսզի փողոց դուրս բերի այնքան մարդ, որ իշխանությունները նույնիսկ չմտածեն ժողովրդի վրա կրակելու մասին:
Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «երբեք չեն գնա քաղաքացիական պատերազմի»: