6 հոկտեմբերի 2011 - 09:11 AMT
Երևանում կայացավ Հարություն Ազարյանի «Ճանապարհին» ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հարություն Ազարյանի «Ճանապարհին» ֆիլմի պրեմիերան: Այն արտադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Ֆիլմը պատմում է Հայաստան աշխարհի մասին:

Ռեժիսորի խոսքով` այն նկարահանվել է 2 տարվա ընթացքում Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և այլ մարզերի գեղատեսիլ վայրերում: Նա նաև նշեց, որ ֆիլմի համար ծախսվել է բավական փոքր գումար, սակայն դա չի խանգարել որակ ստանալու գործում:

Ֆիլմին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայաստանի պարի պետական անսամբլը, որի շնորհիվ ֆիլմում ներկայացվել է ազգային պարը: Ռեժիսորն ասաց, որ ֆիլմը պարային չէ, սակայն պարը ֆիլմի լրացնող մասն է: Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվել, որի հեղինակն է Հայկ Գրիգորյանը, և որը գրվել է հեթանոսական տեքստի հիման վրա և կատարվում է երգչուհի Լիլիթ Պիպոյանի կողմից: Ֆիլմում հնչում է նաև Նարեկացու «Հավուն» ստեղծագործությունը: Ֆիլմում պարեր է բեմադրել նաև Ռուդոլֆ Խառատյանը: Ֆիլմում նկարահանվելու համար Ֆրանսիայից հրավիրվել է Երվանդ Մուրադյանը:

Ռեժիսորը նաև ասաց, որ բավական մեծ գումարներ են ծախսվել հագուստների վրա: Հագուստներ կան, որոնցից յուրաքանչյուրի գինը հասնում է մինչև 500 դոլարի: