6 հոկտեմբերի 2011 - 18:11 AMT
«Վերադարձի» փառատոն. Մենահամերգով հանդես կգա դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը

Հոկտեմբերի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնի հերթական համերգը:

Հայ ունկնդրին կներկայանա դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Աշոտ Խաչատուրյանը (Գերմանիա): Ծրագրում հնչելու են Դ.Սկարլատիի սոնատները, Յ.Հայդնի Սոնատ N 52-ը, Ֆ.Շոպենի Բալլադ N1-ը, Լ.վ.Բեթհովենի Սոնատ N 11-ը և Ս.Ռախմանինովի «Երաժշտական ակնթարթը»:

Աշոտ Խաչատուրյանը ծնվել է 1984-ին` երաժիշտների ընտանիքում: 5 տարեկան հասակից հաճախել է դաշնամուրի դասընթացների` Վալենտինա Նիկոլաևայի մոտ: 8 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի հետ` կատարելով Ջ.Գերշվինի «Երկնագույն ռապսոդիան» :Մոսկվայի Սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Պոլյանսկու ղեկավարությամբ, 10 տարեկանում հանդես է եկել որպես մենակատար: 2001-ին Մոսկվայի Մեծ Թատրոնի բեմում հանդես է եկել Ս.Ռախմանինովի 2-րդ և 3-րդ կոնցերտների կատարմամբ` արժանանալով հանդիսատեսի և երաժշտագետների բարձր գնահատանքին:

«Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնը կամակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բացառիկ հովանավորությամբ: