Սողանքի գոտուց այսօր նախատեսվում է դուրս բերել ևս 7 մեքենա

Սողանքի գոտուց այսօր նախատեսվում է դուրս բերել ևս 7 մեքենա

PanARMENIAN.Net - Տավուշի և Լոռու մարզերում սողանքի գոտուց, հավանաբար դուրս է բերվելու ևս 7 մեքենա, այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու, փրկարար ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքով, դրանք այն մեքենաներն են, որոնք տեսանելի են, իսկ հողի տակ դեռ գտնվում է 5 մեքենա:

Գրիգորյանն ասաց, որ սա վերջին 100 տարում 2-րդ խոշոր սողանքն է, մյուսը եղել է 2007 թ-ին Խոսրովի անտառում, սակայն այս դեպքում փակվել է միջպետական մայրուղին: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում է ԱԻՆ 150, ոստիկանությունից նույնքան, և ՊՆ-ից 65 աշխատակից, որոնողական աշխատանքները չեն դադարում ոչ մի րոպե: Գրիգորյանը նաև շեշտեց, որ փրկարարներն աշխատում են գործող սողանքի պայմաններում, ինչը շատ վտանգավոր է: Որոնողական աշխատանքներին են միացել նաև ռուս և ուկրաինացի մասնագետները: Դեպքի վայրից ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հաղորդեց, որ անհետ կորածներից միայն երկու հոգի` Սորսումատյան եղբայրներն են ունեցել բջջային կապ, բջջային օպերատորից հաջողվել է պարզել, որ հեռախոսների մարտկոցների լիցքավորումը սպառվել է: Նախարարը նաև հավելեց, որ անհետ կորածներին ողջ գտնելու հավանականությունը փոքր է, բայց հնարավոր:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են` Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---