6 հոկտեմբերի 2011 - 20:32 AMT
Մակեդոնիայի հավաքականի մարզիչը տեղյակ չէ Թուրքիայի վարչապետի խոստացած պարգևի մասին

«Ես երկու տարի աշխատել եմ Թուրքիայում և ծանոթ չեմ այդ երկրի ո'չ վարչապետի, ո'չ էլ այլ մեկի հետ»,- հոկտեմբերի 6-ին Երևանում հայտնել է Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը: Նախօրեին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է իր երկրի բյուջեից նյութական պարգև հատկացնել Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին, եթե վերջինս հաղթի Հայաստանի հավաքականին:

Տեղեկատվության համաձայն, Էրդողանն իր առաջարկը, իբր, կատարել է Մակեդոնիայի խորհրդարանի ներկայացուցիչ Տրայկո Վելյանոսիի հետ մասնավոր հանդիպման ժամանակ: Ինչպես ենթադրում են փորձագետները, Էրդողանի նման շահագրգռվածությունը Հայաստանի հավաքականի պարտությամբ բխում է Թուրքիայի իշխող շրջանակների ցանկությունից` խուսափել Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակչում խաղալու իրավունքի համար Հայաստանի առաջադիմող հավաքականի հետ Թուրքիայի հավաքականի հանդիպումից:

Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականները կհանդիպեն հոկտեմբերի 7-ին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում: B խմբում հայկական ընտրանին 14 միավորով 3-րդ տեղում է, իսկ Մակեդոնիան 7 միավորով` 5-րդում: