13 հոկտեմբերի 2011 - 15:56 AMT
Foursquare-ը թողարկում է իրական ժամանակում ծանուցումների ֆունկցիան iOS 5-ի համար

Գեոլոկացիոն սոցիալական ցանց Foursquare-ն այսօր հայտնել է նոր Radar ֆունկցիայի մասին, որը հասանելի կլինի միայն iOS 5-ով աշխատող iPhone-ների համար։ Radar ֆունկցիան իրական ժամանակում ծանուցումներ է ուղարկում օգտագործողներին, երբ նրանք գտնվում են իրենց «Անելիքների» ցուցակի (to do list) վայրերից մեկին մոտ, հաղորդում է ReadWriteWeb-ը։

Radar-ը հարմար է հատկապես այն ժամանակ, երբ օգտագործողը այդքան էլ ծանոթ չէ քաղաքին կամ փորձում է բացահայտել մստիկ վայրերը։ Օրինակ, եթե օգտագործողը նրբաբլիթների սիրահար է և բաժանորդագրվել է Foursquare-ում «Հայաստանի լավագույն նրբաբլիթները» ցուցակին, ապա այդ վայրերից մեկին մոտ գնվելիս նա կստանա ծանուցում այդ մասին։ Ծանուցումը պարզապես հայտնվում է հեռախոսի էկրանին և կարիք չկա ծրագիրը բացելու։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն: