14 հոկտեմբերի 2011 - 17:56 AMT
Լևոն Ալթունյան. Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը կընկալվի այն ժամանակ, երբ բժշկության ապահովագրման բոլոր մնացած ուղիները ընկալվեն որպես քիչ կամ ոչ արդյունավետ: Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: «Բժշկության զարգացման և բնակչությանը պատշաճ բժշկական ծառայություններ մատուցելու ֆինանսավորման հիմնական և առավել շուկայական աղբյուրը ապահովագրությունն է: Ավելի լավը, քան պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտն է, դեռևս չեն հնարել»,- ընդգծել է նա:

Լևոն Ալթունյանի խոսքով` Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է, «հարկավոր է դրա ընկալումն ու հավատը սեփական ֆինանսական կառույցների, սեփական ժողովրդի նկատմամբ, որը, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում, կկարողանա օգտվել ապահովագրության այդ տեսակից»: Ընդ որում, ընկերության տնօրենը զգուշացրել է, որ պետք չէ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտը կապել բժշկական ծառայությունների անհապաղ բարելավման հետ: «Առնվազն 5-10 տարի կանցնի, մինչև որ կուտակած ապահովագրավճարների հիմնադրամը վերածվի նոր կլինիկաների, նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների»,- հավելել է նա: