Աշխարհում ամենաերկար, ուղևորատար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին մեկ տարեկան է, որի առթիվ ճոպանուղու «Հալիձոր» կայանի սպասասրահում հրավիրած մամուլի ասուլիսում ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը ներկայացրեց ճոպանուղու մեկամյա աշխատանքը և իրականացրած ծրագրերը։ Նրա խոսքով հարակից 6 համայնքների շուրջ 60 ընտանիքներ այսօրվա դրությամբ ունեն կայուն աշխատավարձ, որը մարզի միջինից բարձր է։
Ողջ տարվա ընթացքում, շահագործման գործընթացին զուգահեռ, իրականացվել են ճոպանուղու երկու կայանների հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, տեղադրվել են տեղեկատվական և այցելուների եռալեզու ուղեցույց-վահանակներ, ավելի քան 50 նստարաններ և աղբամաններ` տարածքը դարձնելով ավելի հարմարավետ այցելուների և ուղևորների համար: Ճոպանուղու «Տաթև» կայանում տեղադրվել և շուտով շահագործման կհանձնվի սանհանգույց: Ընթացիկ տարվա ընթացքում «ՏաԹևեր»-ի «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվել և շահագործման համար պատրաստ է սպասասրահ-սրճարանը, որը նախատեսված է ուղևորների և այցելուների հանգստի և սպասման հարմարավետ կազմակերպման համար:
«ՏաԹևեր» ճոպանուղին ոչ միայն զբոսաշրջության զարգացման լավ հնարավորություն է, այլ նաև ստեղծել է աշխատատեղ հարակից համայնքների բնակիչների համար: Այսօր ճոպանուղին և նորաբաց սրճարան-սպասասրահը ունեն 55 աշխատող, որոնք հարակից համայնքների և Գորիսի բնակիչներ են:
«ՏաԹևեր» ճոպանուղու վերջին տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ այն հիրավի հանդիսանում է տարածաշրջանային կարևորագույն կառույց, որը միանշանակորեն հանգեցնում է ՀՀ-ում զբոսաշրջության աճի, իսկ ճոպանուղու հարակից համայնքներում խթանում է փոքր և միջին բիզնեսի զարգացումն ու ընդլայնումը։
Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:
«ՏաԹևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է: Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը: