Քաղաքացիական նախաձեռնություն. Նախագահը դարձել է «տանիք» անօրինական կառուցապատումների համար

PanARMENIAN.Net - «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնի է դարձել, որ Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին:

Նախաձեռնությունից հայտնում են, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի` Ռուզաննա Բեգլարյանը Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է դարձել 2009թ.-ին:

«Այդ նույն ժամանակահատվածում այգում մեծ թափ սկսեցին ստանալ ծառահատումներն ու շինարարությունը: Տարիներ շարունակ այգու տարածքում գործող թեթև սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված մակերեսը: Չնայած որ սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի և Երևանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նաև քննության առնել «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:

«Այս բացահայտմամբ պարզ դարձավ` ում հովանավորության պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական հիմքերով և եղանակներով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստորեն, ՀՀ նախագահը դարձել է Երևանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»,- գրում են նախաձեռնության անդամները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---