19 հոկտեմբերի 2011 - 17:58 AMT
Արմեն Գևորգյանը հանդիպել է GRETA-ի գործադիր քարտուղարի հետ

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի` մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) գործադիր քարտուղար Պետիա Նեստերովայի հետ:

Զրուցակիցները քննարկեցին թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկմանը, Հայաստանի ազգային զեկույցին վերաբերող հարցեր: Ի դեպ, Հայաստանն այս տարի առաջին անգամ GRETA-ին է ներկայացրել ազգային զեկույցը, և այս օրերին GRETA-ի փորձագետների խումբը Հայաստանում է` զեկույցի վերաբերյալ հավելյալ քննարկումների անցկացման համար:

Ա. Գևորգյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիկինգի դեմ պայքարին և այս ոլորտում կարևորում են համագործակցությունը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ երկկողմ մակարդակով: Թրաֆիկինգի դեմ պայքարում պետությունն իր գործընկերն է համարում նաև հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են իր ղեկավարած խորհրդի կազմում: Նա հույս հայտնեց, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի նկատելի առաջընթաց արձանագրել ոլորտում: Անդրադառնալով կատարված աշխատանքներին` փոխվարչապետը մասնավորապես տեղեկացրեց, որ «Քրեական օրենսգրքում» կատարված վերջին փոփոխություններով արդեն ամբողջացել է ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը:

Պ. Նեստերովան կարևորեց Հայաստանի կողմից թրաֆիկինգի դեմ պայքարում իրականացված աշխատանքները և արդյունավետ համարեց GRETA-ի հետ Հայաստանի համագործակցությունը`նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքները, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը: