19 հոկտեմբերի 2011 - 18:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դեսպանները շնորհակալություն են հայտնել հայ խաղաղապահներին Աֆղանստանում և Կոսովոյում ծառայության համար

Հոկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ-ում կայացել են Երևան-Պրիշտինա և Երևան-Մազարի Շարիֆ հեռուստակամուրջները, որի ընթացքում հայ խաղաղապահները կարող էին շփվել իրենց հարազատների հետ։ Միջոցառմանը նաև ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և Գերմանիայի դեսպանները, որոնք շնորհակալություն են հայտնել հայ խաղաղապահներին նրանց ծառայության համար։

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն ասել է, որ անվտանգության հարցում միայնակ ոչ ոք չի կարող դիմակայել գոյություն ունեցող մարտահրավերներին, ուստի ՆԱՏՕ-ն հատուկ կարևորություն է տալիս գործընկեր-երկրների հետ համագործակցությանը, հավելելով, որ Հայաստանը բացառություն չէ։ Այդ առումով նա նշել է, որ Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահների ներկայությունը վկայում է այն մասին, որ Հայաստանն ակտիվ կերպով ընդգրկված է աշխարհում անվտանգություն ապահովելու գործում։

Իր հերթին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան-Շմիդտը նշել է, որ Գերմանիան բարձր է գնահատում Հայաստանի կառավարության և խորհրդարանի որոշումը Կոսովո և Աֆղանստան հայ խաղաղապահներ ուղարկելու մասին։

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ հայ խաղաղապահների առաքելությունը կարևոր է ինչպես ՆԱՏՕ-Հայաստան, այնպես էլ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների համար։ «Իմ կառավարության և ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր առաքելության համար և հույս ունեմ, որ շուտով դուք կվերդառնաք տուն»,- ասել է նա։

ՖՈՏՈՇԱՐՔ