Աննա Զնամենսկայա. Մոտ ապագայում հեռուստատեսությունը և ինտերնետը կմիավորվեն

Աննա Զնամենսկայա. Մոտ ապագայում հեռուստատեսությունը և ինտերնետը կմիավորվեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին «Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակներում վարպետության դասով հանդես եկավ Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայան։3 ժամ տևած դասի ընթացքում նա խոսեց օնլայն տեսանյութերի զարգացումներից և միտումներից, օնլայն տեսագովազդների արդյունավետությունից և վեբ նախագծերում հաջողության հասնելու մեթոդներից։

Աննա Զնամենսկայան պատմեց, որ ըստ Comscore վիճակագրական կենտրոնի տվյալների՝ Ռուսաստանում 42,3 մլն մարդ պարբերաբար օնլայն տեսանյութեր է դիտում։ Սա կազմում է Ռուսաստանի ինտերնետ օգտագործողների 85%-ը։ Ընդ որում այդ մարդիկ ամսական դիտում են 4,2 միլիարդ տեսանյութ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր օգտագործող ամսական միջինում դիտում է 100 տեսանյութ, ինչը կազմում է ամսական 12 ժամ։

Ռուսաստանում տեսանյութ դիտողների 51%-ը կանայք են։ Աննա Զնամենսկայայի խոսքով, տեսանյութ դիտողների 32%-ը 15-24 տարեկան երիտասարդներ են, մյուս 30%-ը 24-34, իսկ մնացածը ավելի բարձր տարիքի մարդիկ։

Նա նշեց, որ եթե 2006-ին տեսանյութերը համարվում էին ընդամենը էպիզոդիկ մեդիա կամ ֆոնային դիտում և վատ որակի էին, ապա այժմ 2011-ին լայնաշերտ ինտերնետի զարգացման դարում, տեսանյութերը համարվում են իմաստային դիտում և բարձր որակի են։ «Եթե նախկինում անմիտ կարող էր համարվել օնլայն ֆիլմ դիտելը, ապա այժմ դա բնական է։ Հեռուստատեսային լսարանը ծերանում է և գովազդային բյուջեն հեռուստատեսությունից կամաց-կամաց տեղափոխվում է ինտերնետ»,-նշեց Աննա Զնամենսկայան։

Խոսելով տեսանյութերի ապագայի մասին՝ Աննա Զնամենսկայան մի քանի կանխատեսում արեց. «Օգտագործողների դիտած տեսանյութերի վիճակագրությունը կբարձրանա, կստեղծվեն թեմատիկ և հեղինակային տեսածառայությունների պորտալներ, օգտագործողները կսկսեն որակյալ բովանդակության համար վճարել, ինտերնետ ծառայությունները կնմանվեն հեռուստածառայությունների՝ օրինակ հաղորդումների կամ ֆիլմերի բաժանորդագրություններ ինտերնետում և ի վերջո հեռուսատատեսությունը և ինտերնետը կմիավորվեն, քանի որ այժմ Smart-TV-ներ կան, որոնց միջոցով կարելի է մտնել ինտերնետ և հեռուստացույցի բրաուզերով դիտել օրինակ Youtube-ը»։

Նրա խոսքով Ռուսաստանում միայն 2011-ին վաճառվել է մոտ կես միլիոն Smart-TV և 2 տարվա մեջ 10 անգամ ինետերնետ վճարումների վիճակագրությունը բարձրացել է։ «Մարդիկ չեն վախենում օնլայն փող ծախսելուց»,- ավելացրեց նա։

«Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ վարում են վարպետության դասընթացներ։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։ Նախաձեռնողներն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---