12  24.10.11 - «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011»-ի եզրափակիչը

Գլխավոր դատախազության թիմը դարձել է «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի հաղթող

Գլխավոր դատախազության թիմը դարձել է «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է եղել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որում մրցել են ՀՀ գլխավոր դատախազության և Կրթության ու գիտության նախարարության թիմերը: 1-0 հաշվով առավելության է հասել Գլխավոր դատախազության թիմը և ճանաչվել մրցաշարի հաղթող: Նախորդ մրցաշարի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարության թիմն այս անգամ զբաղեցրել է երրորդ պատվավոր հորիզոնականը:

Գլխավոր դատախազության թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով մրցանակակիր թիմերին՝ ուրախությամբ նշել է, որ ֆուտբոլը Հայաստանում տարեցտարի ավելի մասսայական է դառնում: «Դրանում իր լուման է ներդնում նաև Հայաստանի կառավարությունը՝ նման մրցաշարեր կազմակերպելու միջոցով: Մեր երկրում ֆուտբոլն այսօր վերելք ու վերածնունդ է ապրում: Բոլորս պետք է միասնաբար նպաստենք այս մարզաձևի մասսայականացմանը և նորանոր հաղթանակների կերտմանը: Շնորհավորում եմ մրցաշարի մասնակից բոլոր թիմերին, քանի որ բոլորն են այս մրցաշարից հաղթանակած դուրս գալիս, որովհետև այն առաջին հերթին նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը»,- ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ ՀՀ գլխավոր դատախազության թիմի հաղթանակը պատահական չէր. քանի որ վերջինս նախորդ տարվա մրցաշարում ևւս դուրս է եկել եզրափակիչ:

Մրցանակներ են հանձնվել նաև լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան, լավագույն խաղացող, լավագույն ռմբարկու, ամենակարգապահ թիմ, առաջնությունը լուսաբանող լավագույն լրագրող, լավագույն քաղծառայող անվանակարգերում: Ի դեպ, մրցաշարի ամենակարգապահ թիմ է ճանաչվել ՀՀ կառավարության աշխատակազմի թիմը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են պետական կառավարման մարմինների 14 թիմեր: Մրցաշարի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ անմիջական կազմակերպիչը և իրականացնողը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարին իր լուրջ ու գործուն աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան

Մրցաշարի անցկացման նպատակը պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը և նրանց շրջանում մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---