29 հոկտեմբերի 2011 - 17:17 AMT
«Մենք մերոնցով» թերթի խմբագրի սպանությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում` ճանապարհի երթևեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերեց կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով:

Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ, և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին պարզվեց, որ հայտնաբերվածը որպես անհայտ կորած հետախուզվող, 1960 թ. ծնված, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դիակն է:

Պարզվեց նաև, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների շրջանակում մանրակրկիտ ու ծավալուն աշխատանք կատարվեց: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ կատարվածի պատկերն ամբողջացավ և հանցագործությունը բացահայտվեց:

Պարզվեց, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են:

Երևան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը: Արդեն երևանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան:

Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել:

Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է: