Սեյրան Օհանյան. Զինված ուժերում միջադեպերի զգալի մասը տեղի է ունենում միջանձնային հարաբերությունների պատճառով

Սեյրան Օհանյան. Զինված ուժերում միջադեպերի զգալի մասը տեղի է ունենում միջանձնային հարաբերությունների պատճառով

PanARMENIAN.Net - Զինված ուժերում գրանցվող արտակարգ պատահարների զգալի մասը միջանձնային հարաբերությունների դաշտում է և արձանագրվում է կանոնադրական հարաբերությունների խախտմամբ: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Հասարակությունը իրազեկվում է միայն արտակարգ պատահարների մասին, իսկ կանխարգելված շատ դեպքերի մասին չի տեղեկանում, քանի որ դա զինված ուժերի հրամանատարների և իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքն ու պարտականությունն է: Իրականում տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը բնույթով արագ զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են փոքր մանրուքից: Անկախ տեղի ունեցող արտակարգ պատահարը ծնող պատճառներից` բանակի ղեկավարությունը չի նվազեցնում իր պատասխանատվության չափը, ձեռնարկում է բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները` զինծառայողների մահվան, վիրավորման կամ խեղման դեպքերը կանխելու նպատակով և հետևողական է, որպեսզի բացառվի անպատժելիության մթնոլորտը:

Կարծում եմ` հանցագործությունների կանխարգելման թերևս լավագույն ձևը հանցագործություն կատարած անձանց օրենքի ողջ խստությամբ պատժելն է: Ի դեպ, հաճախ հնչող այն հարցադրումները, թե ինչու յուրաքանչյուր միջադեպից հետո զորամասի հրամանատարական կազմը չի պատժվում, հիմնավոր չեն: Այն սպաները, ովքեր անցնում են քրեական գործով, քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ ովքեր կատարված հանցագործությանը մասնակից չեն և մեղավոր են միայն ծառայողական պարտականությունների կատարման թերացմամբ, ենթարկվում են կարգապահական տույժերի: Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ավելի քան 30 բարձրաստիճան զինվորականներ /վարչության պետեր, գնդի, բրիգադի հրամանատարներ/ կարգապահական տարբեր պատճառներով արձակվել են պահեստազոր կամ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: Սա մեր ամենօրյա աշխատանքն է, և եթե ամեն անգամ ի լուր աշխարհի այդ մասին չենք հայտարարում, դա չի նշանակում թե բարձրաստիճան զինվորականները պատիժներից զերծ են մնում: Իսկ եթե կոնկրետ այս կամ այն սպան չի անցնում քրեական գործով, անթույլատրելի է անմեղ մարդուն դատապարտելը, ինչքան էլ առանձին մարդիկ պահանջեն ազատազրկման դատապարտել: Ի դեպ, սա ևս պետք է լինի իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Բանակում գոյություն ունեցող խնդիրները մենք լավ գիտենք ու ամեն օր աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ: Որպեսզի ոչ կանոնադրական հարաբերությունները բացառվեն, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնց անբաժանելի մասն են կազմում սպաների կրթության մակարդակի բարձրացումը, զինվորի իրավագիտակցության բարձրացումը և հասարակությունից բանակ ոչ առողջ բարքերի ներթափանցման արգելումը: Սպաների կրթության և զինվորի իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ մենք բարեփոխումներ ու մեթոդական ամենօրյա աշխատանքներ ենք իրականացնում, արդյունավետ գործում են նաև օրինախախտումների մասին ահազանգման մեխանիզմները: Իսկ հասարակությունից բանակ անառողջ գաղափարներ թափանցելը կանխելը պահանջում է, որպեսզի հասարակական մյուս ինստիտուտները նույնպես` ընտանիք, դպրոց, համալսարան և այլն, երիտասարդի արժեքային համակարգի ձևավորման հարցում իրենց գործառույթները պատշաճ կատարեն: Կանխարգելիչ միջոցառումների արդյունքում մենք ընթացիկ տարում ունենք արտակարգ պատահարների վիճակագրության նվազում, այդ մասին տարեվերջին կիրազեկենք հանրությանը: Սակայն մյուս կողմից առկա է բանակային միջադեպերի հնչեղության ավելացում, որը պայմանավորված է տեղեկատվական միջոցների զարգացմամբ ու ընդլայնմամբ»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---