ԵՊՀ-ում կբացվի հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն

ԵՊՀ-ում կբացվի հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանում կկայանա Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի պաշտոնական բացումը։ Միջոցառմանը ներկա կլինի Հնդկաստանի ՏՀՏ պետնախարար Սաչին Պիլոտին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Կենտրոնի հիման վերաբերյալ երկու պետություների կառավարությունները դեռևս 2009-ին էին ստորագրել փոխըմբռնման հուշագիր։ Կենտրոնը Հայաստանի և Հնդկաստանի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:

Ծրագրի հիմնական առաքելությունն է` ստեղծել Հայաստանում ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր։ Կենտրոնի հիմնական նպատակներ են ՏՀՏ դասընթացների մատուցում, դասախոսների վերապատրաստում, փորձագետների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների խթանում:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կազմակերպվում են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ հետևյալ թեմաներով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ, գործարարական ոլորտում հաշվողական համակարգեր, MS .Net տեխնոլոգիաներ, JAVA տեխնոլոգիաներ, Linux համակարգ, Տվյալների շտեմարանի տեխնոլոգիաներ, Վեբ տեխնոլոգիաներ։ Կենտրոնում դասավանդելու են ինչպես հայ, այնպես էլ հնդիկ մասնագետները:

Կենտրոնն կիրականացնի արդի գիտահետազոտական աշխատանքներ՝ համապատասխան սարքավորումներով և մասնագիտական ծրագրային ապահովմամբ հագեցած լաբորատորիայում։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արդեն ներկրվել են Հայաստան, հնդիկ մասնագետները զբաղված են դրանց տեղադրմամբ և միացմամբ, ցանցերի կարգավորմամբ:

Հնդկաստանի կառավարությունը կենտրոնին հատկացնելու է 1.5 մլն դոլար, իսկ ՀՀ կառավարությունը՝ 500 հազար դոլար:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---