1 նոյեմբերի 2011 - 17:40 AMT
Դպրոցներում կդասավանդեն տնտեսագիտություն ու ձեռներեցության հմտություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական և զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Ողջունելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարը հուշագրի շրջանակում կարևորել է հատկապես դպրոցական ծրագրում տնտեսագիտական և ձեռներեցության հմտությունների ներգրավումը: «Տնտեսագիտություն» առարկան պարտադիր չի լինելու, այն ներառվելու է լրացուցիչ կրթական ծրագրերում, որն իրականացվելու է մանկավարժության նորարական մեթոդներով:

«Աշխարհում, որն այսօր ունի իր կանոնները, հաջողակ է համարվում նորարար և ստեղծագործ մարդը: Մենք, որպես կրթության լիազոր մարմին կարևորում ենք աշակերտների նախաձեռնողականությունը: Այդ իմաստով դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է: Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար: Փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողված են կրթական այն նախաձեռնությունները, որոնք իրականցվում են հասարակական կառույցների հետ համատեղ»,- նշել է Աշոտյանը: