Թուրքական իշխանությունները հազար անգամ ավելի շատ են վնասել հայկական հուշարձանները, քան երկրաշարժերը

Թուրքական իշխանությունները հազար անգամ ավելի շատ են վնասել հայկական հուշարձանները, քան երկրաշարժերը

PanARMENIAN.Net - «Երկրաշարժը շատ անելիք չուներ, պետությունը հազար երկրաշարժի ուժգնությամբ իր անելիքն արել էր արդեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Վանի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերաված հայկական հուշարձաններին, ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ Թուրքիայի քաղաքացիները՝ քրդերը, թուրքերը «հիվանդ են» պետության պատճառով և ամեն ինչ արել են հայերի հետքերը վերացնելու համար։

«Ի տարբերություն մեր պետության սահմաններում եղած հուշարձանների՝ Արևմտյան Հայաստանի հուշարձաններին երկրաշարժերի հասցրած վնասները ժամանակին չեն վերացվել»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ այս վերջինը, հավանաբար էլ ավելի է խորացրել վերքերը։

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը նշեց, որ Վանի երկրաշարժը շատ նման է 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին. «Սպիտակից հետո ուսումնասիրեցինք պատմական հուշարձանների ու եկեղեցիների վիճակը ու տեսանք, որ հսկայական վնաս է հասցվել։ Աղետի գոտում գտնվող 8000 հուշարձանից 2000-ը խիստ վնասվել էր, 155-ը անդարձ կորած կարելի է համարել, այդ թվում 10 եկեղեցիներ»։

Նա հավելեց, որ ցավոք, աղետի գոտու վերականգման ծրագրերում այս հարցին դեռևս տեղ չի հատկացվում։ Նա նաև նշեց, որ հայկական եկեղեցիները հիմնականում դիմանում են մինչև 8 բալ ուժգնությամբ երկրաշարժերին, 8-10 բալի դեպքում ստանում են նկատելի վնասվածքներ և միայն 10 բալից հետո են խոնարհվում։

Ի հավելում Սամվել Կարապետյանը նշեց, որ Արևմտյան Հայաստանում եկեղեցիների հիմքերն արդեն իսկ թուլացած են մարդկային գործոնի շնորհիվ և դրանք կարող են խոնարհվել անգամ թույլ ցնցումներից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---