2 նոյեմբերի 2011 - 17:11 AMT
Փարիզում այրել են ամսագրի գրասենյակը, որը ցանկանում էր ծաղրել Մուհամմեդ մարգարեին

Փարիզում նոյեմբերի 2-ին անհայտ անձինք այրել են Charlie Hebdo երգիծական ամսագրի գրասենյակը։ Այդ մասին հաղորդում է Europe 1 ռադիոկայանը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 1-ին, ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել է 2 հոգի։ Նրանց առայժմ չի հաջողվել բռնել։ Հրդեհը մասամբ ոչնչացրել է խմբագրության շենքը, սակայն զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում։

Ինչպես գրում է Lenta.ru-ն, Charlie Hebdo գրասենյակի վրա հարձակում գործելու հետ միասին կոտրել են հրատարակության կայքը։ Նյութը գրելու պահին նրա գլխավոր էջում տեղակայված է եղել մզկիթի լուսանկար, որը լի է մարդկանցով, Ղուրանի պատկերը և տեքստ անգլերեն լեզվով։ Նրա հեղինակը դիմում է ընթերցողներին՝ կոչ անելով խոստովանել, որ տիեզերքի արարիչը Ալլահն է։ Ներքևում մի շարք կայքերի հասցեներ են, որոնք նվիրված են իսլամին, ինչպես նաև ասվում է, որ հրատարակչությունն այժմ պատկանում է Սաուդյան Արաբիային։

Համարի գլխավոր թեման նախատեսվում էր դարձնել Թունիսում չափավոր իսլմամիստական «Նախդա» կուսակցությունը։ Բացի դրանից, հեղինակները կազմել են նյութ՝ նվիրված նոր լիբիական իշխանությունների հայտարարություններին երկրում շարիաթ մտցնելու մասին։ AFP տվյալներով, ամսագրի շապիկին տեղադրվելու է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը «Եթե չմեռնեք ծիծաղից, մտրակի հարյուր հարված» գրությամբ։