4 նոյեմբերի 2011 - 14:50 AMT
Չարենցի իրական գերեզմանը իր հարազատ ժողովրդի սրտում է, գտնում են գրողի ժառանգները

Վերջին ժամանակներս մամուլում և սոցիալական ցանցերում նորից ակտիվացել են շահարկումները հայ մեծ գրող Եղիշե Չարենցի հերթական նորահայտ գերեզմանի առիթով:

Չարենցի ընտանիքն իր խորին վրդովմունքն է հայտնում ոչ մի փաստացի հիմք չունեցող այս հայտարարության առթիվ, որովհետև հիմք են ընդունել ընդամենը ինչ-որ մարդկանց հեքիաթները: Ըստ գրողի ընտանիքի ուղարկած հաղորդագրության, իրենցից ոչ ոք ԴՆԹ նմուշ չի տվել, որպեսզի պարզի, արդյոք դա Չարենցի գերեզմանն է:

«Չարենցը գերեզման չունի, ստալինյան ռեժիմի, մի քանի տականք հայ չինովնիկների և իր որոշ «գրչակից» ընկերների պատճառով: Թող մեր սերունդներն այդպես էլ իմանան: Այլապես կստացվի, որ մենք թուրքերի պես խմբագրում ենք մեր սեփական պատմությունը: Մինչև գիտական ստույգ հիմնավորում չլինի, մեր ընտանիքը չի կարող սա փաստ համարել», գրված է հայտարարության մեջ: «Չարենցի իրական գերեզմանը իր հարազատ ժողովրդի սրտում է, ուրեմն այնտեղ էլ թող մնա: Կարևորը նրա հոգին է, որ ողջ է, քանի ապրում է նրա պաշտած հայ ժողովուրդը», հավելում են գրողի ժառանգները:

Եղիշե Չարենցը (Սողոմոնյան Եղիշե Աբգարովիչ) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում, մանր առևտրականի ընտանիքում: 1915թ. ապագա հայ մեծ գրողը կամավոր գնաց ռազմաճակատ: 1930-ական թվականներին իր ակտիվ հասարակական գործունեության պատճառով Չարենցը Խորհրդային կառավարության կողմից մեղադրվեց հակահեղափոխության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեջ և տնային կալանքի ենթարկվեց: Ավելի ուշ` 1937թ. վերջին, Չարենցը ձերբակալվեց և անհայտ պատճառներով վախճանվեց բանտի հիվանդանոցում: Մինչ այժմ անհայտ է մնացել, թե որտեղ է թաղվել գրողը: Կան տարբեր վարկածներ, մեծաթիվ գերեզմաններ, որոնք վերագրվում են Չարենցին: Ընդհուպ վարկած կա, որ նրա դիակը տարել են Ռուսաստան:

Վերջերս կրկին Երևանում անհայտ գերեզման է հայտնվել, որը վերագրվում է Չարենցին: Աղմուկ է բարձրացել այդ գերազմանի պղծման առիթով, ինչը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում: