Այսօր, նոյեմբերի 4-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «Անցումային տնտեսություններում մրցակցային քաղաքականության մշակումը» թեմայով հանդիպում-դասախոսություն Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչի մասնակցությամբ: Հանդիպում-դասախոսությունը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տնօրեն Ջեյմս Մակբեթը, ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ եւ ուսանողներ: ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը բացման խոսքում ներկայացնելով հանդիպման մասնակիցներին նշեց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանում մրցակցային միջավայրի առկա իրավիճակը եւ վերջինիս բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել համալսարանականներին արտահայտել իրենց տեսակետներն այս բնագավառում բարձրացված հարցերի միջոցով, ասվում է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:
Պրոֆեսոր Կովաչիչն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի մրցակցային իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը եւ դրա բարելավման վերաբերյալ առաջարկությունները: Պրոֆեսորը, ընդհանուր առմամբ նշեց, թե ինչ քայլեր են իրականացվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ: Նրա դիտարկմամբ, զեկույցը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ իշխանությունների ձեռնարկած հետագա քայլերի վրա: Մասնավորապես, ՀՀ ՏՄՊՊՀ-ը հետեւողական է Զեկույցի առաջարկների կիրառման առումով: Վերջին ինն ամիսների ընթացքում Հանձնաժողովն ակտիվ գործունեություն է ծավալել եւ բարձրացրել է իրականացված աշխատանքների արդյունավետությունը: Սակայն, Հանձնաժողովը չի կարող ինքնուրույն լուծել մրցակցությանն առնչվող առկա խնդիրները, քանի որ դրանք վերաբերում են նաեւ տնտեսության տարբեր հատվածներին եւ գլոբալ առումով ազատ մրցակցային միջավայր ապահովելու համար անհրաժեշտ են այլ պետական մարմինների ներգրավվածությունը եւ աջակցությունը: Կովաչիչն այս առումով կարեւորեց Հայաստանում մրցակցային քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի ստեղծումը, որի մշակման եւ իրականացման գործում ներգրավված կլինեն շահագրգիռ պետական մարմինները:
Այցի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը նման փաստաթղթի պատրաստման հարցում: