Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 4-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձին և ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է. «Այսօր մեր երկրում և նրա սահմաններից դուրս ծավալվել է լրջագույն եկեղեցաշինական շարժում, որն առաջնորդում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեր բնակավայրերում վեր են խոյանում նոր հոյակերտ տաճարներ, նոր շունչ են ստանում խոնարհվածները՝ մարմնավորելով մեր սերն ու նվիրումը մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Մարդու հոգևոր ու բարոյական կատարելագործումը և դարձը դեպի մայր եկեղեցի Վեհափառ Հայրապետի անխոնջ գործունեության հիմնական նպատակն է»: Սարգսյանի խոսքով ակնհայտ է, որ նրա տքնաջան աշխատանքն ու նվիրյալ ջանքերն ապարդյուն չեն անցնում: Այսօր Հայաստանը հոգևոր վերելք է ապրում: Մարդիկ կրկին վերադարձել են իրենց ակունքներին, իրենց հայրերի հավատքին ու արժեքներին, որպեսզի հասկանան, թե ով են իրենք, որտեղից են եկել և ուր են գնում:
Անդրադառնալով Վեհափառի գահակալության 12-րդ տարեդարձին, ապա երկրի ղեկավարի կարծիքով այն նշանավորվում է մեր միջավայրում մեր իսկ արժեքների ամրապնդմամբ: Սարգսյանը նաև խորը համոզմունք հայտնեց, որ բարոյականությունը, հավատքը և եկեղեցին փոխկապակցված են և փոխպայմանավորված: «Մեր ժողովրդի միլիոնավոր զավակների հետ միասին առ Աստված եմ ուղղում իմ աղոթքը և խնդրում ուժ, կորով ու շնորհ` Ձեր վեհ առաքելությունն իրականացնելու գործում: Թող Աստված պահի ու պահպանի Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստան աշխարհը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր նվիրյալ գահակալով»,- ավարտելով իր խոսքը` նշեց Սերժ Սարգսյանը: