Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 8-ին Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ, ինչպես նաև աշխատանքային նախաճաշ կունենա Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:
Այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ և այլն:
Քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն են, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները, բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի և միասնական արժույթի կայունության միջև առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը , ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք: