Հայաստանը սխալ է կատարել՝ զիջելով Վրաստանին և տեղափոխելով ջավախահայերի խնդիրները հայ-վրացական միջկառավարական հարաբերությունների ոլորտ։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Երկիր» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը։ Նրա խոսքով, այս հարցը լուծում չունի հայ-վրացական միջկառավարական հարաբերությունների ոլորտում։ «Խնդիրները պետք է լուծվեն Վրաստանի իշխանությունների և Ջավախքի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև բանակցությունների ճանապարհով»,- ասել է Թաթոյանը և հավելել, որ հիմա Վրաստանը թուլացել է, 2008-ից հետո չի համարվում տարածաշրջանում «ժողովրդավարության կղզի» և արևմտյան երկրների կողմից չի դիտարկվում որպես հուսալի գործընկեր։
Իր հերթին Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հավելել է, որ Հայաստանը պետք է օգտագործի եվրոպական քաղաքական և իրավական դաշտը, որի անդամ է Վրաստանը և նրանից հասնի եվրոպական կառույցներում իր վրա դրված պարտականությունների կատարման։ Նրա կարծիքով, ֆորս-մաժորային իրավիճակներում կարելի է օգտագործել նաև ԱՄՆ հայ համայնքի ռեսուրսները՝ հաշվի առնելով Թբիլիսիի համար վրաց-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը։