10 նոյեմբերի 2011 - 11:42 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը չի ձգտում անդամակցել ԵՄ-ին, բայց հավատարիմ է եվրոպական արժեքներին

«Արևելյան գործընկերությունն առաջին հերթին մեզ համար ինստիտուցիոնալ կառուցվածքների գործունեության զարգացում է»,- հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն՝ ազգային և եվրոպական զարգացումներ» համաժողովում։ Նրա խոսքով՝ չնայած, որ Հայաստանն այսօրվա դրությամբ նպատակ չի հետապնդում անդամակցելու Եվրամիությանը, երկիրը հավատարիմ է իր հասարակության մեջ եվրոպական արժեքների ներդրմանը։ Իր ելույթի ժամանակ նախարարը նաև ներկայացրել է անցած ճանապարհը, մասնավորապես, անդրադառնալով Արևելյան գործընկերության՝ Վարշավայում վերջերս տեղի ունեցած գագաթաժողովին, «որը Եվրոպայի հետ բանակցությունների համատեքստում մի քանի իրադարձություններից առանցքայինը դարձավ»։ Էդվարդ Նալբանդյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ միջխորհրդարանական հարաբերությունները և եվրաինտեգրացիայի գործընթացում քաղաքացիական հասարակության դերը։

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: