11 նոյեմբերի 2011 - 19:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջել է Չեխիային

Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, կայացավ Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների հանդիպումը։ Առաջին խաղակեսում գրանցված գրոհներն արդյունք չտվեցին, խաղակեսն ավարտվեց զրոյական հաշվով։

Խաղն ավելի ակտիվ սկսեցին չեխերը, որոնք երկրորդ խաղակեսի սկզբում լրջորեն անհանգստացրեցին Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Պետրոսյանին։ Իսկ չեխերի դարպասապահ Մարեկ Շտեխը դժվարությամբ հետ մղեց Գևորգ Կարապետյանի հեռահար հարվածը։

Չեխ ֆուտբոլիստներն աստիճանաբար սկսեցին ճնշում գործադրել, բայց ավելի վստահ էին խաղում նաև պաշտպաններն ու Արսեն Պետրոսյանը։ 76-րդ րոպեին հերթական բարդ իրադրության մեջ գոլ իրացրեց Յան Խրանոստան։ Իսկ հանդիպման արդեն ավելացված րոպեին վերջինս երկրորդ գոլի հեղինակ դարձավ՝ 0։2։

Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց EURO-2013 ընտրական մրցաշարում։ 3-րդ ընտրական խումբը 10 միավորով գլխավորում է Չեխիան, երկրորդ տեղում է Չեռնոգորիան, որը 4։0 հաշվով պարտության մատնեց Անդորրային, Հայաստանը 7 միավոր ունի։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ դարձյալ սեփական հարկի տակ ընդունելով Ուելսին, որն իր ակտիվում 6 միավոր ունի։

ՖՈՏՈՇԱՐՔ