17 նոյեմբերի 2011 - 13:02 AMT
Արցախի նախագահը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է Արցախում իրականացվող զարգացման ծրագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ժամանել է Նյու Յորք, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նույն օրը նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի դերակատարություն է ունեցել մեր հանրապետության զարգացման գործում, եւ այսօր էլ զգացվում է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին նրա աջակցության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կազմակերպության գործունեությանը Արցախում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: