Այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (ԵՃՇՊՀ) բացվել է երկրատեղեկատվական տեխնոլոգիաների (GIS) լաբորատորիան Եվրամիության «Տեմպուս» ծրագրի «Երկրատեղեկատվական տեխնոլոգիաները Արևելյան հարևանության երկրների կայուն զարգացման» (GIDEC) նախագծի շրջանակներում, տեղեկացնում են ԵՃՇՊՀ լրատվական ծառայությունից։
Լաբորատորիան եզակի է ՀՀ-ի ուսումնական և մասնավոր հատվածներում: Նախագծի արժեքը 1 000 000 եվրո է, այն ֆինանսավորվում է Տեմպուս ծրագրի կողմից: Նախագծի տևողությունը երեք տարի է։ Այսօր նաև կստեղծվի խորհրդատվական մարմին։
Նորաբաց լաբորատորիան ընդգրկում է 31 համակարգիչներ` ներդրված ArcGIS 10.0 լիցենզավորված ծրագրային փաթեթներով (31 լիցենզիա), գեոդեզիական ժամանակակից գործիքներով և սարքավորումներով:
Այս նախագծի շրջանակներում նման լաբորատորիաներ միաժամանակ բացվել են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում:
2010-ին ԵՃՇՊՀ-ն նախաձեռնությամբ հանդես Տեմպուս ծրագրի շրջանակներում՝ իրականացնելու Երկրատեղեկատվական համակարգերին վերաբերող ծրագիր: Այդ նախաձեռնությունը հավանության արժանացավ Շվեդիայի տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտի կողմից: 2010 թվականի ընթացքում ձևավորվեց կոնսորցիում, որը բաղկացած է 10 համալսարաններից և մեկ կառավարման կազմակերպությունից: Ծրագրի համակարգողը Շվեդիայի տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտն է: Որպես գործընկեր երկրներ հանդես են գալիս Իսպանիայից Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը, Շտուտգարդի Կիրառական գիտությունների համալսարանը:
«Երկրատեղեկատվական տեխնոլոգիաները Արևելյան հարևանության երկրների կայուն զարգացման» նախագծի նպատակն է բարելավել բարձրագույն կրթությունը գեոդեզիայում և գեոինֆորմատիկայում Հայաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում ՝ նպաստելով այս երկրների կայուն զարգացմանը:
Ըստ նախագծի, նախատեսվում է նոր մանկավարժական մեթոդների և որակյալ մեխանիզմների ապահովում գեոդեզիայի/GIS-ի կրթության մեջ:Արդյունքում երեք գործընկեր պետություններում պետք է հիմնվի վեբ հենքի վրա էլեկտրոնային ուսուցման պլատֆորմ:
2011-ի նոյեմբերի դրությամբ բացվել են GIS լաբորատորիաներ և Հայաստանում իրականացվել են երկու երկշաբաթյա թրեյնինգներ դասախոսների համար, իսկ մեկ թրեյնինգ 32 երիտասարդ դասախոսների մասնակցությամբ: Մյուս տարի նախատեսվում են ևս մի քանի թրեյնինգներ Շտուտգարդում, Ստոկհոլմում և Լվովում: Արդյունքում ԵՃՇՊՀ-ից կվերապատրաստվեն (19) դասախոս, Ագրարային համալսարանից (8) դասախոս, Երևանի պետական համալսարանից (7) դասախոս: Բացի այդ նախատեսվում է, որ Հայաստանյան ԲՈՒՀ-երից 2-ական ուսանողներ մինչև 3 ամիս ժամկետով, կարող են իրենց ուսումնառությունը շարունակել Եվրոպական գործընկեր համալսարաններում: