17 նոյեմբերի 2011 - 15:28 AMT
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարիների մասին գիրք է հրատարակվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Քերթմենճյանի «Համադրական ուսումնասիրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառուցապատման Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին (1999-2011թթ.)» աշխատությունը: «Կառուցյալ հավատով» ընդհանուր վերնագրի ներքո ուսումնասիրությունը հրատարակության է հանձնվել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից:

Գրքի առաջին մասում հեղինակն անդրադարձ է կատարում մինչև Վեհափառ Հայրապետի գահակալությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված կառուցապատման գործերին:

Երկրորդ հատվածը ներկայացնում է Նորին Սրբության գահակալության շրջանում կատարված իրագործումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց եկեղեցիները, ապա նորակառույց եկեղեցական, կրթական, վարչահասարակական, մշակութային շենքերը, պատմական կառույցների նորոգությունները, ինչպես նաև Մայր Աթոռի ճարտարապետական միջավայրի տարածական կազմակերպումն ու օժանդակ կառույցները:

Գրքի վերջին` երրորդ բաժնում ներկայացված են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և նշանավոր եկեղեցական կենտրոնների ու համալիրների զուգահեռները: