18 նոյեմբերի 2011 - 13:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տարոն Մարգարյանը երդվեց ծառայել ի բարօրություն Երևանի ու նրա բնակիչների

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն ու բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, պաշտպանել համայնքի իրավունենքրը, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով ծառայել ժողովրդի հավատքին, նպաստել նրա հոգևոր վերելքին»,- այսօր ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախարարեների, Երևանի ավագանու անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ երդման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի ավագանու անդամ, պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը նրան հանձնեց Երևանի քաղաքապետի խորհրդանշական շղթան։

Նորընտիր քաղաքապետին իր ողջույնի ու շնորհավորական խոսքը հղեց նախագահ Սերժ Սարգսյանը. «Ցանկանում եմ ուժ, կորով, եռանդ հաստատակամություն և հաջողություն Երևանի քաղաքապետի պատվավոր և պատասխանատու պաշտոնում»։ Նախագահը նշեց, որ Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ Երևանի կառավարման համակարգում և արդեն հասցրել է իրեն դրսևորել որպես համայնքի հմուտ և հոգատար ղեկավար, ով գործով է վաստակել բնակչության հարգանքն ու սերը։

«Այդ համակրանքը չի սահմանափակվում ոչ Ավանով և ոչ էլ Հանրապետկան կուսակցությամբ։ Այսօր նա մեծագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի և Մարգարյան ազգանվան առջև։ Տարոն, դու մեզ և քո բոլոր քաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունենս։ Մենք բոլորս քո կողքին կանգնած ենք, և պատրաստ ենք քեզ օժանդակելու և սատարելու»,- ասաց նախագահը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ձևավորել համախոհների մեծ թիմ և լուծել Երևանի առաջ ծառացած բոլոր ժամանակների համար ամենակարևորագույն խնդիրը՝ թեթևացնել երևանցիների հոգսերն ու Երևանը դարձնել ավելի հարմարավետ երևանցիների ու հյուրերի համար։

Առիթից օգտվելով՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին և նրան մաղթեց հաջողություն նոր ձեռնարկումներում։

ՖՈՏՈՇԱՐՔ