18 նոյեմբերի 2011 - 16:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի կենտրոնի բնակիչների մոտ «բարձրահարկաֆոբիա» է սկսվել

Մաշտոցի 39/12 շենքի բակում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարևանությամբ, արդեն մեկ շաբաթ է շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ծանր տեխնիկան փորում է հողը, հարթեցնում է տարածքը։ Հարակից շենքերի բնակչությանը ահ ու սարսափ է պատել. մի՞թե մեր գեղեցիկ բակի ու այգու փոխարեն էլ են շենք կառուցելու։

Մեղադրելի չէ բնավ, քանի որ վերջին շրջանում Երևանի կենտրոնում մի բակ չմնաց, գոնե մի քանի քառակուսի մետր ազատ տարածք, որտեղ բարձրահարկ չկառուցեին։ Բնակիչներն էլ մտածել են, թե իրենց շենք էլ է կենտրոնում, ուրեմն հաստատ բարձրահարկի հիմք են փորում։

Սարսափն ավելի է ուժեղացել ու խորացել, երբ բանվորները, քաղաքապետարանը, համատիրություն ու վարչական շրջանը սկսել են պատասխանատվությունը բարդել մեկը մյուսի վրա։ Բնակիչներն էլ որոշել են գործը հասցնել ԶԼՄ-ներին։ Նրանք հայտարարություն էին տարածել՝ հրավիրելով լուսաբանել իրենց խնդիրը։ Հրավերին արձագանքել էին նաև աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությունն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։

Պարզվում է, որ բակում ոչ թե բարձրահարկի հիմք են փորում, այլ բարեկարգման աշխատանքներ են տանում։ «Այստեղ կլինի այգի, խաղահրապարակ, տաղավարներ, ջրավազան։ Լինելու է կանաչապատում, ծառատունկ, կկառուցվի ոռոգման համակարգ»,- ասաց աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աշխատանքները տարվում են վարչական շրջանի պատվերով։ Նա բոլոր ցանկացողներին տրամադրեց աշխատանքների նախագիծը, որպեսզի ծանոթանան ու համոզվեն իր խոսքերի ճշմարտացիության մեջ։

«Ինձ պետք է փաստաթուղթ՝ այն հրամանը, որի համաձայն այս աշխատանքները կատարվում են՝ կնիք, ստորագրություն, բովանդակություն»,- ասաց բնակիչներից Սուսաննա Պապիկյանը, որը թեև ուրախ էր, որ բակը բարեկարգվում է, սակայն բավարարված չէր իրավական հիմքով և «բարձրահարկաֆոբիան» էլ չէր անցել։

ՖՈՏՈՇԱՐՔ